ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Չորրորդ հանրապետությո՞ւն, թե՞ ադրբեջանական ենթապետություն

Չորրորդ հանրապետությո՞ւն, թե՞ ադրբեջանական ենթապետություն
22.09.2025 | 12:00

Պետությունների պատմության մեջ «Առաջին», «Երկրորդ» և հաջորդ հանրապետությունները սովորաբար ձևավորվում են արմատական փոփոխությունների արդյունքում․ նոր Սահմանադրություն, քաղաքական համակարգի տապալում կամ ազգային աղետից հետո նոր պետական նախագծի ծնունդ։

Ֆրանսիայի օրինակ

Ֆրանսիան պատմության ընթացքում ոչ միայն կորցրել, այլև բազմիցս վերակերտել է իր պետական մոդելը․

Առաջին Հանրապետություն (1792–1804)՝ Լուի XVI-ի գահընկեցումից հետո, հեղափոխական Ֆրանսիան անցավ հանրապետական կարգի։

Երկրորդ Հանրապետություն (1848–1852)՝ ժողովրդական հեղափոխությունից հետո թագավորությունը կրկին տապալվեց։

Երրորդ Հանրապետություն (1870–1940)՝ Նապոլեոն III-ի պարտությունից հետո սկսվեց ամենաերկարաժամկետ հանրապետությունը, որն ավարտվեց միայն նացիստական օկուպացիայով։

Չորրորդ Հանրապետություն (1946–1958)՝ Երկրորդ համաշխարհայինի ավերակների վրա նոր Սահմանադրությամբ ձևավորվեց հաջորդ հանրապետությունը։

Հինգերորդ Հանրապետություն (1958–մինչ օրս)՝ գեներալ Դը Գոլի նախաձեռնությամբ՝ նոր Սահմանադրությամբ և ուժեղացված նախագահական իշխանությամբ։

Ֆրանսիայում հանրապետությունների թվակալումը միշտ կապված է եղել Սահմանադրության և պետական համակարգի արմատական փոփոխության հետ, երբ հինը այլևս չէր ծառայում ազգային-պետական շահերին։

Հարավային Կորեայում՝ սահմանադրական փոփոխությունների յուրաքանչյուր փուլ ստացել է հանրապետության նոր համարը․ այժմ այնտեղ Վեցերորդ Հանրապետությունն է։

Հայաստանում Առաջին Հանրապետությունը ծնվեց 1918-ին, իսկ Երրորդը՝ 1991-ին՝ անկախության հռչակումից հետո (սուբեկտություն ուներ և պետական կազմավորում էր նաև ՀԽՍՀ-ն՝ թեև այն «Երկրորդ Հանրապետություն» հազվադեպ է անվանվում)։

Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «Չորրորդ Հանրապետության» մասին, իրականում երկու նպատակ ունի․

ա) խուսափել ազգային աղետի (Արցախի կործանման, տարածքների կորստի, զոհերի) պատասխանատվությունից,

բ) քողարկել Ադրբեջանի օգտին սպասվող նոր զիջումները «նոր էջ» բացելու քարոզչությամբ։

Իմ համոզմամբ՝ Երրորդ Հանրապետությունն արդեն փաստացի դադարեց գոյություն ունենալ 44-օրյա պատերազմի և Արցախի կորստի հետ, որովհետև այլևս չկա այն ազգային-պետական նախագիծը, որի վրա կառուցվել էր անկախ Հայաստանը։

Փաշինյանի առաջարկածը ոչ թե Չորրորդ Հանրապետություն է, այլ ադրբեջանական ենթապետության կոնցեպտ, որն ուրանում է Հայաստանի քաղաքական ու քաղաքակրթական հիմքերը։

Խնդիրը չի կարող լուծվել պարտության և նվաստացման խորհրդանիշ իշխանության ձեռքով։

Մեր իրական օրակարգը պետք է լինի նոր ազգային-պետական նախագիծ ստեղծելը, որը կապահովի Հայաստանի անկախության, արժանապատվության և անվտանգության վերականգնումը՝ խիստ ռեալիստական շեշտադրումներով:

Որևէ նոր իշխանության համար արդեն իսկ մեծ նվաճում կլինի Հայաստանի հանրապետությունը՝ տարածքային այս պարամետրերով պահելը, եթե հաշվի առնենք Փաշինյանի տխուր ժառանգությունը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ